ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ
«Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի շրջանակներում 2022 թվականի հունիսի 24-ին և 25-ին անցկացվեցին հեռավար սեմինար-պարապմունքներ՝ դասագրքերին և ուսումնական նյութերին վերաբերող հոգեբանական հարցերի վերաբերյալ:
Սեմինարի ծրագրային նյութը ներառում էր հետևյալ հիմնական թեմաները.
- Սովորողների հոգեկան զարգացման առանձնահատկությունները կրթական տարբեր աստիճանների տարիքներում.
- Ուսումնական հետաքրքրությունների զարգացման առանձնահատկությունները.
- Սովորելու առանձնահատկությունները, ուսումնառության ոճերը
Սեմինարները վարել են կրթության ոլորտում գործունեության մեծ փորձառություն ունեցող հոգեբաններ՝ ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Անի Խուդոյանը, ԵՊԲՀ կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Մադլենա Առաքելյանը և կրթության հոգեբան, փորձագետ, դեռահասների և մեծահասակների հոգեթերապևտ Ֆաինա Սեյրանյանը:
Անի Խուդոյանը ներկայացրեց կրտսեր դպրոցականների և դեռահասների իմացական ոլորտի առանձնահատկությունները, այդ առանձնահատկությունների կապը դասագրքերի հետ, խոսեց դասագրքերում և ուսումնական նյութերում դրանց արտահայտման, ներկայացման ձևերի ու մեթոդների վերաբերյալ:
Մադլենա Առաքելյանն անդրադարձավ քննադատական մտածողության, ստեղծագործական մտածողության և հուզական ինտելեկտի թեմաներին, խոսեց հույզերի ճանաչման, հույզերի կարգավորման, մտածողության խթանման, ստեղծագործական մտածողության և այլ հարցերի շուրջ, ներկայացրեց դրանց կապը ուսումնական նյութերի հետ։
Ֆաինա Սեյրանյանը խոսեց ուսումնական հետաքրքրությունների, սովորելու առանձնահատկությունների և ուսումնառության ոճերի մասին, անդրադարձավ կրտսեր, միջին և ավագ դպրոցական տարիքի երեխաների մոտ ուսումնական հետաքրքրությունների զարգացման առանձնահատկություններին, մոտիվացիաներին: Նա ներկայացրեց կրթական նյութերի ներկայացման, դասավանդման, ուսումնառության ոճերի վերաբերյալ տեսություններ, մոդելներ:
Տեսական և գործնական նյութերի ներկայացմանը զուգահեռ ծավալվեցին քննարկումներ, մտքերի փոխանակում, ուսուցիչներին հետաքրքրող հարցերի շուրջ տրվեցին պարզաբանումներ։ Ուսուցիչներին տրամադրվեցին նաև հղումներ՝ անհրաժեշտ նյութերից և գրականությունից օգտվելու համար։
Ծրագրի աշխատանքների հետագա շարունակության վերաբերյալ դիտարկումներ և պարզաբանումներ ներկայացրեցին Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը և Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը:
