ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Դասագրքերի շրջանառու համակարգը, որպես հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին դպրոցական դասագրքերով ապահովելու մեխանիզմ, Հայաստանում գործում է 1997 թվականից: Համակարգի ձևավորման հիմքում դրվել են հետևյալ նպատակները և խնդիրները.
· արդիականացնել հանրակրթական առարկաների դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները՝ միաժամանակ բարելավելով դասագրքերի արտադրական որակը և դարձնելով դրանք առավել մատչելի սովորողի համար,
· հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր սովորողի ապահովել հանրակրթական առարկաների դասագրքերով,
· հիմք դնել իրական պահանջարկի վրա հիմնված դասագրքերի հրատարակման կայուն համակարգի,
· հիմնել դասագրքաստեղծման ինքնաֆինանսավորվող և հարատև գործող համակարգ:
Դասագրքերի շրջանառու համակարգը և դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների հավաքագրման գործընթացը կառավարելու նպատակով 1997 թվականին հիմնադրվել և ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է «Դասագրքերի շրջանառու հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը: 2000 թվականին կազմակերպությունը վերակազմավորվել է հիմնադրամի, իսկ 2011 թվականին ընդլայնել է իր գործունեությունը և վերանվանվել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (այսուհետ՝ ԴՇՀ)։
ԴՇՀ-ի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի կրթության բնագավառում հիմնախնդիրների լուծմանն ու կրթության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, ուսումնական հաստատությունները դասագրքերով, գրքերով և այլ ուսումնամեթոդական նյութերով ապահովելուն: ԴՇՀ-ն աշխատում է դասագրքերի, ուսումնամեթոդական այլ գրականության և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ձեռքբերման գործընթացի շարունակականության ու վերարտադրության, ինչպես նաև այդ ոլորտներում նորարարությունների խթանման սկզբունքներով։
ԴՇՀ-ի շահառուներն են ուսումնական հաստատությունները, մանկավարժները, սովորողները և ծնողները: Առանձնակի հոգածության խմբում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, սահմանամերձ համայնքների հաստատությունների սովորողները, որոնց համար ներդրումային գումարները փոխհատուցվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից։
ԴՇՀ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ դասագրքերի և ուսումնամեթոդական գրականության անվանացանկերի կազմման, տպաքանակների ձևավորման, տեխնիկական չափորոշիչների հաստատման և հրատարակման (տպագրման և ՀՀ մարզպետարաններ ու Երևանի քաղաքապետարան առաքման) աշխատանքներում, ինչպես նաև դասագրքերի ստեղծման, գնահատման, տրամադրման ու գործածության հետ կապված կանոնակարգերի, ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակման ու իրականացման հարցերում: