Խորհրդակցություն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում

0
(0)

«Դասագրքերի ստեղծման, գնահատման և փորձարկման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և անհրաժեշտ հմտությունների զարգացման» (այսուհետ՝ Դասագրքաստեղծման) ծրագրի շրջանակներում Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման շրջանառու հիմնադրամում (ԴՏՀՏՇՀ) 2021 թվականի հոկտեմբերի 8-ին անցկացվեց երկրորդ աշխատանքային հանդիպում-քննարկումը ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Երևան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցների հայոց լեզվի, օտար լեզուների և պատմության ուսուցիչների հետ:

Հանդիպման նպատակն է ուսուցիչներին ներկայացնել Դասագրքաստեղծման ծրագիրը և ստեղծել մոտիվացիաներ՝ ծրագրին ուսուցիչների արդյունավետ և գործուն մասնակցության ապահովման համար:

Հանդիպման ընթացքում ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը խոսեց դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության դերի բարձրացման կարևորության մասին, ներկայացրեց ծրագրի նպատակներն ու աշխատանքների կազմակերպական հարցերը:

Ծրագրի փորձագետ Ս. Հակոբյանը ներկայացրեց դասագրքաստեղծման ծրագրի բովանդակությունը, մեթոդաբանությունը, ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, ուսուցիչների կողմից ծրագրի մասնակցության արդյունքում ձեռք բերված հմտությունների կիրառության հնարավորությունները: 

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում և քննարկում ծրագրի իրականացման բովանդակային և կազմակերպչական հարցերի շուրջ, ուսուցիչներին տրվեց գործնական առաջադրանք` 20 օրյա ժամկետում ներկայացնելու իրենց կողմից դասավանդվող առարկայի որևէ դասարանի դասագրքի վերաբերյալ բնութագրական գնահատականներ, դասագրքի և դասագրքին կից ուսուցչի ձեռնարկի բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Առաջադրանքի արդյունքների ամփոփման հիման վրա կմշակվեն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում գործողությունների կազմակերպման մոտեցումները և վերապատրաստումների հետագա կազմակերպման ընթացքը:

Տեղեկացնում ենք, որ դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ուսուցիչների հետ աշխատանքային հանդիպում-քննարկումները, ըստ ուսումնական բնագավառների ձևավորված խմբերի, կլինեն շարունակական, որոնց կարող են մասնակցել հանրապետության բոլոր մարզերի՝ ծրագրի հետաքրքրվածության հայտ ներկայացրած ուսուցիչները:

Շարունակեք հետևել մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին: