Խորհրդակցություն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում

Խորհրդակցություն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում  

2021 թ. հոկտեմբերի 22-ին ԴՏՀՏՇՀ-ում անցկացվեց հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը «Դասագրքերի ստեղծման, գնահատման և փորձարկման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և անհրաժեշտ հմտությունների զարգացման» ծրագրի մասնակցության հայտ ներկայացրած՝ Երևան քաղաքի և ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ:

Հանդիպման նպատակն է ուսուցիչներին ներկայացնել Դասագրքաստեղծման ծրագիրը և ստեղծել մոտիվացիաներ՝ ծրագրում ուսուցիչների արդյունավետ ներգրավման համար:

Հանդիպման ընթացքում ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը ներկայացրեց դասագրքաստեղծման գործընթացը, այդ աշխատանքներում ուսուցիչների ներգրավվածության կարևորությունը, ինչպես նաև ԴՏՀՏՇՀ-ի կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ ուսուցիչների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ:

ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը խոսեց դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ԴՏՀՏՇՀ-ի և ուսուցիչների համագործակցության ձևերի և ակնկալիքների մասին, ներկայացրեց հետագա աշխատանքների կազմակերպման մոտեցումները, պատասխանեց ուսուցիչներին հետաքրքրող հարցերին:

Ծրագրի փորձագետ Ս. Հակոբյանը ներկայացրեց դասագրքաստեղծման ծրագրի բովանդակությունը, Ծրագրի նպատակները, խնդիրները, Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, ուսուցիչների կողմից Ծրագրի մասնակցության արդյունքում ձեռք բերվող հմտություններն ու դրանց կիրառության հնարավորությունները: 

Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մտքերի փոխանակում և քննարկումներ՝ ծրագրի բովանդակային ու կազմակերպչական տարբեր հարցերի շուրջ: Նաև՝ ուսուցիչներին տրվեց գործնական առաջադրանք` 20 օրյա ժամկետում ներկայացնել իրենց կողմից դասավանդվող առարկայի որևէ դասագրքի վերաբերյալ բնութագրական գնահատականներ, դասագրքի և դասագրքին կից ուսուցչի ձեռնարկի բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Առաջադրանքի արդյունքների ամփոփման հիման վրա կմշակվեն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում իրականացվող հետագա գործողությունները, կհստակեցվեն վերապատրաստումների կազմակերպման շրջանակները:

 

Դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ուսուցիչների հետ խորհրդատվական հանդիպում-քննարկումները կլինեն շարունակական, որոնց կարող են մասնակցել հանրապետության բոլոր մարզերի՝ ծրագրի հետաքրքրվածության հայտ ներկայացրած ուսուցիչները:

Շարունակեք հետևել մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին: