Խորհրդակցություն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում

«Դասագրքերի ստեղծման, գնահատման և փորձարկման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և անհրաժեշտ հմտությունների զարգացման» (այսուհետ՝ Դասագրքաստեղծման) ծրագրի շրջանակներում Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման շրջանառու հիմնադրամում (ԴՏՀՏՇՀ) 2021 թվականի հոկտեմբերի 20-ին անցկացվեց հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Երևան քաղաքի և ՀՀ Արարգածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի  մարզերի մի շարք հանրակրթական դպրոցների տարբեր առարկաների ուսուցիչների հետ:

Հանդիպման նպատակն է ուսուցիչներին ներկայացնել Դասագրքաստեղծման ծրագիրը և ստեղծել մոտիվացիաներ՝ ծրագրին ուսուցիչների արդյունավետ մասնակցության համար:

Հանդիպման ընթացքում ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը մասնակիցներին ներկայացրեց դասագրքաստեղծման գործընթացը, այդ աշխատանքներում ուսուցիչների ներգրավվածության դերն ու կարևորությունը և դրա բարձրացման ուղղությամբ ԴՏՀՏՇՀ-ի կողմից ձեռնարկվող միջոցառումները:

ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը խոսեց դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ԴՏՀՏՇՀ-ի և ուսուցիչների համագործակցության ձևերի և ակնկալիքների մասին, ներկայացրեց հետագա աշխատանքների կազմակերպման մոտեցումները, պատասխանեց ուսուցիչներին հետաքրքրող հարցերին:

Ծրագրի փորձագետ Ս. Հակոբյանը ներկայացրեց դասագրքաստեղծման ծրագրի բովանդակությունը, Ծրագրի նպատակները, խնդիրները, Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, խոսեց ուսուցիչների կողմից Ծրագրի մասնակցության արդյունքում ձեռք բերվող հմտությունների և դրանց կիրառության հնարավորությունների մասին: 

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում և քննարկում ծրագրի իրականացման բովանդակային և կազմակերպչական հարցերի շուրջ, ուսուցիչներին տրվեց գործնական առաջադրանք` 20 օրյա ժամկետում ներկայացնել իրենց կողմից դասավանդվող առարկայի որևէ դասագրքի վերաբերյալ բնութագրական գնահատականներ, դասագրքի և դասագրքին կից ուսուցչի ձեռնարկի բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Առաջադրանքի արդյունքների ամփոփման հիման վրա կմշակվեն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում գործողությունների կազմակերպման մոտեցումները և հետագա վերապատրաստումների կազմակերպման ընթացքը:

Տեղեկացնում ենք, որ դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ուսուցիչների հետ աշխատանքային հանդիպում-քննարկումները, ըստ ուսումնական բնագավառների ձևավորված խմբերի, կլինեն շարունակական, որոնց կարող են մասնակցել հանրապետության բոլոր մարզերի՝ ծրագրի հետաքրքրվածության հայտ ներկայացրած ուսուցիչները:

Շարունակեք հետևել մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին: