Աշխատանքային հանդիպում-քննարկում փորձնական դասագրքի շուրջ

   Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 13-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Ինֆորմատիկա 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և դասագիրքը գնահատած ուսուցիչների երկրորդ աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը, գործիքակազմը, նոր սերնդի դասագրքերին ներկայացվող որակական պահանջները, որոնց հիման վրա փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հետաքրքրող հարցերը:

Այս հանդիպման ընթացքում ծավալվեց առավելապես մասնագիտական-բովանդակային քննարկում փորձնական դասագրքի և ՈւՁ–ի վերաբերյալ։ Հեղինակները ներկայացրեցին «Ինֆորմատիկա 7» դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպտը), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, մոտիվացնող գործոնները, սիմուլյացիայի միջոցով միջառարկայական կապերի ձևավորումը, այլ նորարարությունները, դրանց կիրառման նպատակն ու անհրաժեշտությունը արդի ուսուցման գործընթացներում, ինչպես նաև լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները դասագրքի, ՈՒՁ-ի բովանդակության և դրա արտահայտման ձևի վերաբերյալ: Դասագրքի հեղինակների կողմից բարձր գնահատանքի արժանացան ուսուցիչների կողմից ներկայացված հիմնավոր առաջարկներն ու դիտողությունները։ Նրանք պարտավորվեցին ուսումնասիրել և վերլուծել հնչեցված առաջարկներն ու դիտողությունները և դրանք հաշվի առնել դասագրքի բարելավման հետագա աշխատանքներում։ 

ԴՏՀՏՇՀ-ի, դասագրքի հեղինակների և ուսուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ նման քննարկումները դարձնել շարունակական և հետագա հանդիպումներին անցկացնել նաև գործնական աշխատանքներ։

Առաջիկա հանդիպումների ժամկետների և մասնակցության հայտերի գրանցման մասին հայտարարությունները կտեղադրվեն Dshh ֆեյսբուքյան էջում։

Դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերալ տեղեկատվությանը կարող եք հետևել  ԴՏՀՏՇՀ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում: