- 11417 դիտում
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի մարտի 3-ից մեկնարկել է առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար-պարապմունքները՝ Ծրագրում ընդգրկված ուսուցիչների համակազմերի հետ:
Սեմինարների նպատակն է պարզաբանել առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հիմնական դրույթները, ուսուցիչների մոտ զարգացնել ուսումնական նյութերի՝ չափորոշչին և ծրագրին համապատասխանությունը բացահայտելու հմտություններ:
Սեմինար-պարապմունքների ընթացքում մանրամասն ներկայացվել և քննարկվել են հետևյալ թեմաները.
- Առարկայական նոր չափորոշչի և ծրագրի կառուցվածքը,
- Հիմնական գաղափարներն ու նոր մոտեցումները,
- Նախորդ չափորոշչի և ծրագրի համեմատությամբ կատարված նոր փոփոխությունները,
- Բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները,
- Կապը Հանրակրթության պետական նոր չափորոշչի հետ,
- Բովանդակային բաղադրիչների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
- Միջառարկայական կապերի արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
- Ուսումնական գործունեության տեսակները,
- Օրինակելի ծրագրի կառուցվածքը,
- Առարկայի առանձնահատկությունից բխող այլ հարցեր՝ սեմինարավարի հայեցողությամբ:
Տեսական նյութերի ներկայացումն ուղեկցվել է գործնական, խմբային աշխատանքներով, հարցուպատասխաններով, ինչպես նաև ծավալվել են շահագրգիռ և բովանդակային քննարկումներ՝ ուսուցիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի, խնդիրների, նկատառումների շուրջ:
Սեմինարները վարել են տվյալ ոլորտի փորձառու մասնագետները, հանրակրթության պետական, առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակող փորձագիտական խմբերի անդամները: Սեմինարների ընթացքում քննարկվող թեմաների, հարցերի բովանդակային-փորձագիտական մասի և Ծրագրի իրականացման կազմակերպչական ու շարունակության հարցերի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:
Մարտ ամսվա ընթացքում անցկացվել են հետևյալ առարկայական չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարները.
- Տարրական դասարաններում դասավանդվող «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը», սեմինարավար՝ մանկ.գ.թ. Աստղիկ Բալայան,
- Տարրական դասարաններում դասավանդվող «Մաթեմատիկա», սեմինարավար՝ մանկ.գ.թ. Լիդա Ավանեսյան,
- «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն», սեմինարավար՝ մանկ.գ.թ. Գայանե Մկրտչյան,
- «Աշխարհագրություն», «Բնություն», սեմինարավար՝ աշխ.գ.թ. Արմեն Հովսեփյան,
- «Ֆիզիկա», «Բնագիտություն», սեմինարավար՝ ֆ.մ.գ.թ. Գագիկ Մելիքյան,
- «Կենսաբանություն», սեմինարավար՝ կենս.գ.թ.Նարինե Քաջիկյան,
- «Քիմիա», սեմինարավար՝ Արմինե Մարտիրոսյան,
- «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», սեմինարավար՝ Արմինե Մարտիրոսյան,
- «Մաթեմատիկա», սեմինարավարներ՝ փիլ.գ.թ. Սարիբեկ Հակոբյան, տեխ.գ.թ. Աշոտ Աբրահամյան,
- «Տեխնոլոգիա», սեմինարավար՝ տեխ.գ.թ.Նունե Օրդյան,
- «Արվեստ-արհեստ» բնագավառ, սեմինարավար՝ Մարիամ Պետրոսյան:
Ապրիլ ամսվա ընթացքում կշարունակվեն առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինար-պարապմունքները, որոնց կմասնակցեն ծրագրում ներգրավված պատմություն, հասարակագիտություն, օտար լեզուներ, ֆիզիկական կուլտուրա և ՆԶՊ առարկաների ուսուցիչները: