ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ
Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի կողմից մեկնարկած՝ ընդհանրական կրթական հասկացությունների մշակման աշխատանքների շրջանակներում ս.թ. օգոստոսի 18-19-ին Հանքավանում անցկացվեց աշխատանքային սեմինար՝ հասկացություններ մշակող աշխատանքային խմբի անդամների և ԴՏՀՏՇՀ համակարգող թիմի մասնակցությամբ:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին և պարզաբանվեցի ընդհանրական կրթական հասկացությունների ձևավորման աշխատանքներին վերաբերող բովանդակային, մեթոդաբանական և կազմակերպական հարցերն ու խնդիրները, ինչպես նաև՝ պլանավորվեցին աշխատանքների հերթական փուլերն ու հետագա գործողությունները:
Մասնավորապես, Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը ներկայացրեց ընդհանրական կրթական հասկացությունների մշակման անհրաժեշտությունն ու նպատակը, դրանց կիրառության շրջանակը, աշխատանքների կազմակերպման ու իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Հասկացությունների մշակման աշխատանքները համակարգող, ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը ներկայացրեց հասկացություններ սահմանելու և դասակարգելու ուսումնասիրություններն ու փորձը, ըստ առարկաների ընդհանրական հասկացությունների ձևավորման մոտեցումները, սկզբունքները և հասկացությունների ցանկի հնարավոր ձևաչափերը:
Տեսական մասի ներկայացումից հետո՝ ծավալվեցին մասնագիտական քննարկումներ, հարցուպատասխան` աշխատանքների բովանդակային և կազմակերպական հարցերի շուրջ, կատարվեցին խմբային աշխատանքներ՝ հասկացությունների բացատրական տեքստերի նմուշների մշակման վերաբերյալ: Սեմինարի ավարտին աշխատանքային խմբի և համակարգողների կողմից ամփոփվեցին իրականացված աշխատանքները, ձևավորվեցին հստակ առաջադրանքներ և գործողություններ՝ գործընթացի հետագա շարունակությունն արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
