- 12208 դիտում
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի ապրիլի 2-12-ն իրականացրել է «Հայրենագիտություն», «Հասարակություն, հասարակական գիտություններ» և «Օտար լեզուներ» բնագավառների առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար-պարապմունքներ՝ Ծրագրում ընդգրկված պատմության, հասարակագիտության և օտար լեզուների ուսուցիչների համակազմերի հետ:
Սեմինարների նպատակն է պարզաբանել առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հիմնական դրույթները, ուսուցիչների մոտ զարգացնել ուսումնական նյութերի՝ չափորոշչին և ծրագրին համապատասխանությունը բացահայտելու հմտություններ:
Սեմինար-պարապմունքների ընթացքում մանրամասն ներկայացվել և քննարկվել են հետևյալ թեմաները.
- Առարկայական նոր չափորոշչի և ծրագրի կառուցվածքը,
- Հիմնական գաղափարներն ու նոր մոտեցումները,
- Նախորդ չափորոշչի և ծրագրի համեմատությամբ կատարված նոր փոփոխությունները,
- Բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները,
- Կապը Հանրակրթության պետական նոր չափորոշչի հետ,
- Բովանդակային բաղադրիչների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
- Միջառարկայական կապերի արտացոլումը չափորոշչում և ծրագրում,
- Ուսումնական գործունեության տեսակները,
- Օրինակելի ծրագրի կառուցվածքը,
- Առարկայի առանձնահատկությունից բխող այլ հարցեր՝ սեմինարավարի հայեցողությամբ:
Տեսական նյութերի ներկայացումն ուղեկցվել է գործնական աշխատանքներով, հարցուպատասխաններով, ծավալվել են շահագրգիռ և բովանդակային քննարկումներ՝ ուսուցիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի, խնդիրների, տեսակետների շուրջ:
Սեմինարները վարել են տվյալ ոլորտի փորձառու մասնագետները, հանրակրթության պետական, առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակող փորձագիտական խմբերի անդամները: Մասնավորապես, «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ դասընթացները պատմություն և հասարակագիտություն առարկաների ուսուցիչների հետ անցկացրել են պ.գ.թ. Լիլիթ Մկրտչյանը և Հայաստան Գրիգորյանը, «Օտար լեզուների» սեմինարները՝ բ.գ.թ. Քրիստինե Սողիկյանը: Սեմինարների ընթացքում քննարկվող թեմաների, հարցերի բովանդակային-փորձագիտական մասի և Ծրագրի իրականացման կազմակերպչական ու շարունակության հարցերի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:
Սեմինարների ավարտին ուսուցիչներին տրվել է գործնական առաջադրանք՝ առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտելու և դրանց բարելավման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ:
Առաջիկայում կշարունակվեն Ծրագրի միջոցառումները՝ համաձայն Ծրագրի ճանապարհային քարտեզի: Կանցկացվեն նաև «Ֆիզիկական կուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարները՝ տվյալ առարկաների ուսուցիչների համակազմի համար:
Ծրագրի շրջանականերում իրականացվող աշխատանքների լուսաբանմանը հետևեք մեր պաշտոնական dshh.am կայքում և ֆեյսբուքյան էջում: