image description
  •  9997 դիտում
20 Փետրվար 2022

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ

«Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամը 2021 թվականի դեկտեմբերի 10-21-ը անցկացրեց հեռավար 5 սեմինար-պարապմունքներ ըստ ուսումնական բնագավառների ձևավորված ուսուցիչների համակազմերի հետ` համաձայն նախապես մշակված և ուսուցիչներին տրամադրված Ծրագրի Ճանապարհային քարտեզի:

Սեմինարիների մասնակիցների համակազմերը ձևավորվել են Ծրագրի 1-ին փուլի խորհրդատություններին մասնակցած և առաջադրանք 1-ը կատարած ուսուցիչներից՝ խմբավորելով վերջիններիս ըստ ուսումնական բնագավառների:

Առաջին սեմինարը նվիրված էր Հանրակրթության պետական նոր չափորոշչին: Այն վարում էր Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը:  

Սեմինարի ընթացքում Ս. Հակոբյանը ներկայացրեց Հանրակրթության պետական նոր չափորոշչի կառուցվածքը և դրա առանձնահատկությունները: Մասնավորապես,  նա ընդհանրական դրույթներով ներկայացրեց կարողունակությունների վրա հիմնված կրթության անցման՝ Եվրոխորհրդի կողմից ընդունված հիմնարար փաստաթղթերը և դրանցում ամրագրված առանցքային կոմպետենցիաները, կոմպետենցիաների վրա հիմնված կրթակարգերի առանձնահատկությունները, ապա մանրամասն ներկայացրեց և պարզաբանեց Հանրակրթություն պետական նոր չափորոշչով սահմանված միջնակարգ կրթության 8 առանցքային կարողունակությունները (կոմպետենցիաները), շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական երեք աստիճանների (տարրական, հիմնական, միջնակարգ), չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում և արժեքային բաղադրիչ, և ուսումնական բնագավառներն ու դրանց  բովանդակությանը  ներկայացվող  պահանջները: Ս. Հակոբյանը սեմինարի տեսական նյութը ներկայացրեց լուսաբանող օրինակներով, առաջադրանքները պարզաբանեց ցուցում-նմուշօրինակներով, հարցուպատասխանի հարթակում անդրադարձավ ուսուցիչներին մտահոգող թեմաներին, պատասխանեց վերջիններիս հարցերին:

Սեմինարի ընթացքում ուսուցիչներին տրվեց առաջադրանք՝ հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ, մասնավորապես՝ ա/ օրինակներով ներկայացնել, թե դասավանդած առարկայի ուսուցումը ինչպես է նպաստում չափորոշչում ներկայացված կարողունակությունների ձևավորմանը, բ/ դիտարկել չափորոշչում ներկայացված որևէ կրթական աստիճանի վերջնարդյունքները և դրանք դասակարգել երեք խմբի՝ ըստ դասավանդած առարկայի հետ ունեցած առնչությունների՝ անմիջական (ուղղակի), բավականին (անուղղակի, միջնորդավորված) և գրեթե առնչություն չունի, և գ/ դասավանդած առարկայի բովանդակությանը վերաբերող օրինակներով լուսաբանել կրթության բովանդակային բաղադրիչները՝ գիտելիքը, հմտությունը, վերաբերմունքը (դիրքորոշումը), արժեքային բաղադրիչը:

2022 թվականի հունվարից կշարունակվեն սեմինար-պարապմունքները Ծրագրի համակազմերի հետ՝ Ճանապարհային քարտեզով նախանշված թեմաներով և ժամկետներում: