image description
  •  972515 դիտում
15 Դեկտեմբեր 2022

«ԴԱՍԱԳՐՔԱՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

2022 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ամփոփվեցին 2021 թ. հոկտեմբեր ամսից մեկնարկած «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի I փուլի արդյունքները: 

Ծրագրի նպատակն էր ձևավորել և ներդնել դասագրքաստեղծման գործընթացում ուսուցիչների արդյունավետ ու գործուն մասնակցությունն ապահովող նոր համակարգ, և այդ ուղղությամբ զարգացնել ծրագրի մասնակից ուսուցիչների մասնագիտական կարողություններն ու հմտությունները:

Ծրագրում ներգրավված էին հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի  հանրակրթական դպրոցներում հումանիտար և ԲՏՃՄ բնագավառների առարկաներ դասավանդող 200-ից ավելի ուսուցիչներ:

Վերջիններիս համար 2021 թ. հոկտեմբեր-2022 թ. սեպտեմբեր ժամանակահատվածում անցկացվեցին դասագրքաստեղծման գործընթացի տարբեր փուլերի աշխատանքների համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների զարգացման սեմինար-պարապմունքներ (առկա և հեռավար ձևաչափերով), որոնք նվիրված էին հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին, դասագրքերին ներկայացվող չափանիշներին ու բնութագրիչներին, դասագրքերին և ուսումնական նյութերին վերաբերող հոգեբանական հարցերին, դասագրքերի ստեղծման կոնցեպցիաներին, հրատարակչական աշխատանքներին և այլն: Յուրաքանչյուր տեսական սեմինարից հետո ուսուցիչներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ, որոնց կատարումն առավել նպաստեց դասագրքաստեղծման ուղղությամբ ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և գործնական կարողությունների ձևավորմանը:

Ծրագրի I փուլի ավարտին մասնակիցների հետ անցկացվեցին ամփոփիչ հանդիպումներ, որոնց  ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացմանն ու հետագա անելիքներին վերաբերող հարցեր, ուսուցիչներին հանձնվեցին վերապատրաստման դասընթացների մասնակցության վկայականներ, ինչպես նաև, հաշվի առնելով ծրագրին յուրաքանչյուր ուսուցչի մասնակցության և գործնական աշխատանքների կատարողականների ցուցանիշները, արվեցին առաջարկություններ՝ հետագա մասնագիտական զարգացումները դասագրքի մշակման, գնահատման, փորձարկման որևէ կոնկրետ ուղղությամբ, նաև՝ հետազոտական աշխատանքների իրականացման գծով խորացնելու վերաբերյալ:

Մասնագիտական զարգացման խորացված դասընթացների մեկնարկի և իրականացման վերաբերյալ տեղեկավությունը կհրապարակվի մեր պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: