- 4624 դիտում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇՈՒՐՋ
Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 26-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Կենսաբանություն 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել նոր սերնդի դասագրքերի մշակման մոտեցումները, դասագրքին, ՈՒՁ-ին և այլ ուսումնական նյութերին ներկայացվող որակական պահանջները, դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը և գործիքակազմը, որով փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հետաքրքրող հարցերը:
ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց դասագրքերի վարկանիշային գնահատման էությունը, գնահատման գործիքակազմը, դասագրքի հեղինակների հետ հանդիպման նպատակը, աշխատակարգը, ինչպես նաև պարզաբանումներ ներկայացրեց այն խնդիրների վերաբերյալ, որոնց առնչվում են ուսուցիչները՝ դասագիրքն ու ՈՒՁ-ն գնահատելիս:
Դասագրքի հեղինակները ներկայացրեցին «Կենսաբանություն 7» դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպցիան), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, ինչպես նաև ներկայացրերցին կենսաբանության գործնական աշխատանքների անցկացման համար մշակված միկրոլաբորատորիան։ Դասագրքի հեղինակները լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ, քննարկեցին սովորողի մոտիվացիան խթանող գործոնները, բովանդակային այլ հարցեր։ Հեղինակները բարձր գնահատեցին ուսուցիչների արտահայտած տեսակետներն ու կարծիքները մշակված փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի վերաբերյալ, նշեցին նաև, որ ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները մանրամասն կուսումնասիրվեն, կքննարկվեն իրենց կողմից, կարևոր դիտարկումներն ու արժեքավոր առաջարկները հաշվի կառնվեն դասագրքի բարելավման հետագա աշխատանքներում։
ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը կարևորեց ուսուցիչների դերն ու ակտիվ մասնակցությունը դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացում՝ որակյալ դասագրքեր և ՈՒՁ-ներ ստեղծելու, դրանց գնահատման գործիքակազմը բարելավելու նպատակով, ինչպես նաև առաջարկեց ուսուցիչներին՝ մասնակցել նաև դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող, ուսուցման գործընթացում կիրառվող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում:
ԴՏՀՏՇՀ-ի մասնագետների, դասագրքի հեղինակների և ուսուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ շարունակել մասնագիտական հանդիպումներն ու քննարկումները նոր չափանիշներով մշակվող դասագրքի և ՈՒՁ-ի բովանդակության և գործնականում դրանց կիրառության հարցերի շուրջ:
Առաջիկա հանդիպումների ժամկետների և մասնակցության հայտերի գրանցման մասին հայտարարությունները կտեղադրվեն Dshh ֆեյսբուքյան էջում։
Դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերալ տեղեկատվությանը կարող եք հետևել ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: