- 443 դիտում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇՈՒՐՋ
Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 14-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված Զանգակ հրատարակչության «Գրականություն 7» փորձնական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի հեղինակների և այդ դասագիրքը գնահատած ուսուցիչների աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել նոր սերնդի դասագրքերի մշակման մոտեցումները, դասագրքին, ՈՒՁ-ին և այլ ուսումնական նյութերին ներկայացվող որակական պահանջները, դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը և գործիքակազմը, որով փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հետաքրքրող հարցերը:
Դասագրքի հեղինակները ներկայացրեցին «Գրականություն 7» դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպտը), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, սովորողի մոտիվացիան խթանող գործոնները և այլ բովանդակային հարցեր, ինչպես նաև լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ: Դասագրքի հեղինակների կողմից բարձր գնահատանքի արժանացան ուսուցիչների արտահայտած տեսակետներն ու առաջարկները փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի վերաբերյալ: Հեղինակները նշեցին, որ ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները մանրամասն կուսումնասիրվեն ու կքննարկվեն իրենց կողմից, կարևոր դիտարկումներն ու արժեքավոր առաջարկները հաշվի կառնվեն դասագրքի բարելավման հետագա աշխատանքներում։ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանն ընդգծեց, որ ուսուցիչների դերն ու մասնակցությունը կարևոր է ինչպես դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացում՝ որակյալ դասագրքերի և ՈՒՁ-ների ստեղծման, դրանց գնահատման գործիքակազմի բարելավման համար, այնպես էլ դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում ակտիվ ներգրավվածության առումով: Նա նշեց, որ ուսուցիչների կողմից մշակված այլ ուսումնական նյութերը, երաշխավորվելու դեպքում, կամրագրվեն հեղինակային իրավունքով, կգնվեն և կտրամադրվեն մյուս ուսուցիչներին՝ օգտագործման նպատակով։ԴՏՀՏՇՀ-ի, դասագրքի հեղինակների և ուսուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ նման քննարկումները դարձնել շարունակական և հետագա հանդիպումներն անցկացնել առավելապես գործնական պարապմունքների ձևաչափով։Առաջիկա հանդիպումների ժամկետների և մասնակցության հայտերի գրանցման մասին հայտարարությունները կտեղադրվեն Dshh ֆեյսբուքյան էջում։
Դասագրքերի վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերալ տեղեկատվությանը կարող եք հետևել ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: