- 464 դիտում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՇՈՒՐՋ
Դասագրքերի փորձնական վարկանիշային գնահատման գործընթացի շրջանակներում, ս.թ. մայիսի 12-ին ԴՏՀՏՇՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային գնահատման դրված «Գրականություն 7» («Անտարես» հրատ.) դասագիրքը և ՈՒսուցչի ձեռնարկը մշակած հեղինակային խմբի անդամների և դասագիրքը գնահատած՝ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի ուսուցիչների աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել դասագրքերի վարկանիշային գնահատման նպատակը, գործիքակազմը, նոր սերնդի դասագրքերին, ուսուցչի ձեռնարկներին ներկայացվող պահանջներն ու որակական բնութագրիչները, որոնց հիման վրա փորձնական կարգով գնահատվում են դասագրքերը, ինչպես նաև քննարկել դասագրքի բովանդակության և գնահատման հետ կապված ուսուցիչներին հուզող հարցերը:
ԴՏՀՏՇՀ-ի մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց դասագրքերի վարկանիշային գնահատման էությունը, գնահատման գործիքակազմը, դասագրքի հեղինակների հետ հանդիպման նպատակը, աշխատակարգը, ինչպես նաև պարզաբանումներ ներկայացրեց այն խնդիրների վերաբերյալ, որոնց առնչվում են ուսուցիչները՝ դասագիրքն ու ՈՒՁ-ն գնահատելիս:
Հեղինակային խումբը ներկայացրեց «Գրականություն 7» փորձնական դասագրքի և ՈՒՁ-ի մշակման հիմքում դրված հայեցակարգը (կոնցեպտը), հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, դասագրքի և ՈՒՁ-ի կառուցվածքի տրամաբանությունը, ներառված նորարարությունները, դրանց կիրառման նպատակն ու անհրաժեշտությունը արդի ուսուցման գործընթացներում, ինչպես նաև լսեցին և քննարկեցին ուսուցիչների դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները փորձնական դասագրքի բովանդակության, մեթոդական ապարատի, շարադրման լեզվի և ձևավորման վերաբերյալ: ՈՒսուցիչների կողմից ներկայացված արժեքավոր առաջարկներն ու դիտողությունները հեղինակների կողմից հաշվի կառնվեն դասագրքի և ՈՒՁ-ի լրամշակման ժամանակ:
ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանն իր խոսքում կարևորեց փորձնական դասագրքերի վարկանիշային գնահատմանն ուսուցիչների մասնակցությունն ու նրանց կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները՝ որակյալ դասագրքերի, ՈՒՁ-ների և այլ ուսումնական նյութերի ստեղծման, վերջիններիս գնահատման գործիքակազմի փորձարկման և դրանց բարելավման գործընթացներում: Նա ուսուցիչներին ներկայացրեց նոր սերնդի դասագրքերի կառուցվածքը, խնդրեց, որ ուսուցիչները հայտնեն իրենց տեսակետը՝ դասագրքերին և ՈՒՁ-ին օժանդակող այլ ուսումնական նյութերի ստեղծման աշխատանքներում նաև իրենց մասնակցության և ներգրավվածության մասին։ Ուսուցիչների կողմից մշակված այլ ուսումնական նյութերը, երաշխավորվելու դեպքում, կամրագրվեն հեղինակային իրավունքով, կգնվեն և կտրամադրվեն այլ ուսուցիչներին՝ օգտագործման նպատակով։ Գ․ Գասպարյանը ուսուցիչներին ուղղորդեց նաև ՈՒՁ-ներն ուսումնասիրելիս և գնահատելիս հաշվի առնել այն սկզբունքը, թե որքանով է ՈՒՁ-ում հիմնավոր ներկայացված և մեկնաբանված դասագրքում ներառված ուսումնական նյութերի նպատակը, անհրաժեշտությունը, դրանց կիրառման և գնահատման ձևերը: Նա նաև նշեց, որ ուսուցիչների հանդիպում-քննարկումները դասագրքաստեղծ թիմերի հետ կլինեն շարունակական և անհրաժեշտության դեպքում կանցկացվեն ինչպես հեռավար, այնպես էլ՝ ՀՀ մարզային հանդիպումների ձևաչափերով:
Կազմակերպվող հանդիպումների մասին տեղեկատվությունը և անցկացված հանդիպումների լուսաբանումը կներակյացվի ԴՏՀՏՇՀ-ի կայքում և ֆեյսբուքյան էջում: