- 294977 դիտում
ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՏՀՏ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՍԵՄԻՆԱՐ
2024 թվականի նոյեմբերի 22-ին Դասագրքերի և ՏՀՏ շրաջանառու հիմնադրամի (այսուհետև՝ Հիմնադրամ) աշխատակազմի մասնակցությամբ Աղվերանում անցկացվեց արտագնա սեմինար՝ հետևյալ օրակարգային թեմաների շուրջ.
-
- 2024 թվականի ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների ամփոփում,
- Կառավարման ավտոմատացված համակարգում (ԿԱՀ) իրականացվող փոփոխություններ,
- ՏՀՏ անվտանգության հիմնախնդիրներ,
- Հիմնադրամի նոր կայքի ներկայացում,
- Հիմնադրամի հետագա գործունեության ու նոր նախաձեռնությունների ներկայացում:
Օրակարգի 1-ին հարցի շուրջ խոսեցին Հիմնադրամի գործադիր տնօրեն Գ. Գասպարյանը և մարզային կոորդինատորների ղեկավար Կ. Սեդրակյանը: Մասնավորապես ներկայացվեցին 2024 թ. Հիմնադրամի կողմից ծրագրավորված ու փաստացի կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ինչպես նաև թվայնացված դասագրքերին և էլեկտրոնային կրթական ռեսուրսներին առնչվող խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված գործողությունները: Ներկայացվեցին նաև ըստ մարզերի դասագրքերի ներդրումային գումարների հավաքագրման մասով կատարված աշխատանքները և այդ ուղղությամբ հետագա անելիքները:
Օրակարգի 2-րդ հարցի շուրջ խոսեց Հիմնադրամի ծրագրավորողների թիմի ղեկավար Ա. Սմբատյանը: Նա ներկայացրեց ԿԱՀ-ում իրականացվող հիմնական փոփոխությունների անհրաժեշտությունը, նպատակը և ԿԱՀ բարելավման ուղղությունները, որոնք հնարավորություն կտան համակարգի գործարկումն իրականացնել առավել արդյունավետ և անխափան:
Հիմնադրամի սերվերային համակարգի և դպրոցների հետ կապուղիների անվտանգության ապահովման հարցերի շուրջ խոսեց ոլորտի մասնագետ Է. Չրաղյանը: Նա, մասնավորապես, խոսեց ներկայումս թվային աշխարհին ուղղված հարձակումների ու դրանց տեսակների մասին, ներկայացրեց արտաքին աշխարհից եկող վտանգներից պաշտպանվելու հնարավոր միջոցները, ինչպես նաև ՏՏ անվտանգությանն առնչվող արդի այլ հիմնախնդիրներ: ՏՀՏ անվտանգության վերաբերյալ նյութերին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://bitly.cx/W95n8 հղումով:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Հիմնադրամի պաշտոնական՝ dshh.am նոր կայքի ձևավորմանն ու գործարկմանը, որը ներկայացրեց Հիմնադրամի ծրագրավորողների խմբի մասնագետ Շ. Հակոբյանը: Նա ներկայացրեց Հիմնադրամի հին կայքի փոփոխությունների անհրաժեշտությունը, նոր կայքի բաժիններն ու դրանց ֆունկցիոնալ հնարավորությունները, կայքում ավելացված նոր գործառույթները, ինչպես նաև՝ կայքի գործարկման համակարգչային, բջջային և այլ հավելվածներն ու կայքի նոր հնարավորությունները: Ներկայացվեց նաև Հիմնադրամի նոր ձևավորված լոգոն (տարբերանշանը):
Սեմինարի ավարտին ամփոփվեցին աշխատանքային քննարկման արդյունքներն ու ներկայացվեցին Հիմնադրամի հետագա գործունեության ուղենիշները, մասնավորապես՝ 2025 թ. իրականացվելիք ընթացիկ աշխատանքներն ու նոր նախաձեռնությունները: