
- 63559 դիտում
ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 157-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1067-Ն որոշման մեջ, ըստ որի՝ ընդլայնվել է փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը կրթության և առողջապահության գծով, մասնավորապես՝ սահմանվել են փոխհատուցման նոր ուղղություններ և կատարվել որոշ փոփոխություններ փոխհատուցման ընթացակարգում:
Որոշման համաձայն՝ 2024 թվականի հաշվետու տարվա մասով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է այն դեպքում, եթե ֆիզիկական անձը 2025 կամ 2026 թվականների ընթացքում օրենքով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը)։
Վերոնշյալ որոշմամբ կրթության գծով կատարված մի շարք փոփոխությունների թվում նախատեսվում է սոցիալական ծախսերի փոխհատուցում կատարել նաև միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար ոչ ավելի, քան տարեկան 3000 դրամի չափով: Այս մասով փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի համար։ Ընդ որում, այս դեպքում չի պահանջվի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այլ հիմք կընդունվի կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բնակչության պետական ռեգիստրից ստացված և հարկային մարմնին տրամադրված՝ աշակերտների և նրանց ծնողների մասին անձնավորված տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ), որը պետք է ներկայացվի մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ որոշումն ուժի մեջ մտնելուց՝ 15.02.2025 թվականից հետո, կրթության գծով բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման համար պարտադիր պայման է այն, որ դրանք կատարված լինեն բացառապես անկանխիկ եղանակով։ Բացառություն են կազմում միայն դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը, որոնց մասով վճարումը կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։
Ստորև տրված են ՀՀ կառավարության համապատասխան որոշումների հղումները: