Խորհրդակցություն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում

0
(0)
  • Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման շրջանառու հիմնադրամը (ԴՏՀՏՇՀ), կարևորելով դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և այդ գործընթացի տարբեր փուլերում ուսուցիչների ներգրավվածության ընդլայնման խնդիրները, մշակել և մեկնարկել է «Դասագրքերի ստեղծման, գնահատման և փորձարկման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության և անհրաժեշտ հմտությունների զարգացման» ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակ է ձևավորել և ներդնել դասագրքաստեղծման գործընթացում ուսուցիչների արդյունավետ և գործուն մասնակցությունն ապահովող նոր համակարգ: Ակնկալվում է, որ Ծրագրի իրականացման արդյունքում կձևավորվեն ՀՀ տարբեր տարածաշրջաններ ներկայացնող, տարբեր տիպի (գյուղական, քաղաքային, հիմնական, ավագ, միջնակարգ) դպրոցներում աշխատող և տարբեր ուսումնական բնագավառների առարկաներ դասավանդող այնպիսի ուսուցիչների համակազմեր, որոնք, անցնելով համապատասխան վերապատրաստումներ և ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, կարողունակ կլինեն պատշաճ մակարդակով իրականացնել դասագրքերի ստեղծման, գնահատման կամ փորձարկման աշխատանքներ։

Ծրագրի շրջանակներում 2021 թ. հոկտեմբերի 1-ին ԴՏՀՏՇՀ-ում անցկացվել է առաջին աշխատանքային հանդիպում-քննարկումը ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Երևան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցների հայոց լեզվի, օտար լեզուների և տարրական դասարանների ուսուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ԴՏՀՏՇՀ-ի տնօրեն Գ. Գասպարյանը խոսեց դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցության դերի բարձրացման կարևորության մասին, ներկայացրեց ծրագրի նպատակներն ու աշխատանքների կազմակերպական հարցերը:

Ծրագրի փորձագետ Ս. Հակոբյանը ներկայացրեց դասագրքաստեղծման ծրագրի բովանդակությունը, մեթոդաբանությունը, ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, ուսուցիչների կողմից ծրագրի մասնակցության արդյունքում ձեռք բերված հմտությունների կիրառության հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում և քննարկում ծրագրի իրականացման բովանդակային և կազմակերպչական հարցերի շուրջ, նաև՝ ուսուցիչներին տրվեց գործնական առաջադրանք` 20 օրյա ժամկետում ներկայացնել իրենց կողմից դասավանդվող առարկայի որևէ դասարանի դասագրքի վերաբերյալ բնութագրական գնահատականներ և դասագրքի ու դասագրքին կից ուսուցչի ձեռնարկի բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Առաջադրանքի արդյունքների ամփոփման հիման վրա կմշակվեն դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում գործողությունների կազմակերպման մոտեցումները և վերապատրաստումների հետագա կազմակերպման ընթացքը:

Տեղեկացնում ենք, որ դասագրքաստեղծման ծրագրի շրջանակներում ուսուցիչների հետ աշխատանքային հանդիպում-քննարկումները, ըստ ուսումնական բնագավառների ձևավորված խմբերի, կլինեն շարունակական, որոնց կարող են մասնակցել հանրապետության բոլոր մարզերի՝ ծրագրի հետաքրքրվածության հայտ ներկայացրած ուսուցիչները:

Շարունակեք հետևել մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին: