Սեմինար նվիրված «Ֆիզիկական կրթություն և անվտանգ
կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին








«Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի մայիսի 5-ին անցկացվել է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար: Սեմինարին մասնակցել են Ծրագրում ընդգրկված, ինչպես նաև դասագրքերի ստեղծման գործընթացներով հետաքրքրված` Երևանի և ՀՀ մարզերի մի շարք դպրոցների ՆԶՊ և ֆիզիկական կուլտուրա առարկաների ուսուցիչները:
Սեմինարի նպատակն է պարզաբանել առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հիմնական դրույթները, ուսուցիչների մոտ զարգացնել ուսումնական նյութերի՝ չափորոշչին և ծրագրին համապատասխանությունը բացահայտելու հմտություններ:
Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին.
- Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքային առանձնահատկությունները, հիմնական գաղափարներն ու նոր մոտեցումները:
- Ծրագրերի բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները և կապը հանրակրթության պետական նոր չափորոշչի հետ:
- Բովանդակային բաղադրիչների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) արտացոլումը չափորոշչում և ծրագրում:
- Միջառարկայական կապերի արտացոլումը չափորոշիչներում և ծրագրում:
- Ուսումնական գործունեության հիմնական տեսակները:
Սեմինարը վարում էր «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակող փորձագիտական խմբի ղեկավար, մ.գ.թ., դոցենտ Էռնեստ Ավանեսովը: Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաների բովանդակային և փորձագիտական հարցերի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը, իսկ Ծրագրի իրականացման կազմակերպչական հարցերի, ընթացիկ աշխատանքների և շարունակության վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:
Տեսական նյութի ներկայացմանը զուգահեռ ծավալվել են շահագրգիռ բովանդակային քննարկումներ՝ ուսուցիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի, խնդիրների շուրջ, ինչպես նաև արտահայտվել են տեսակետներ, կարծիքներ գործող և փորձարկվող առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ: